Սեպտեմբերի 27–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ հեռուստատաըկերություն է գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես և հարկն է՝ նա շրջել է տարածքում, ծանոթացել նորություններին: ՀՀ նախագահը չի շրջանցել Հանրայինով հեռարձակվող աղմկահարույց «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման թեման, որը անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թիրախ է՝ անորակ երաժշտության պատճառով: Հանրայինի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը բացատրել է նախագահին, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որ վերագրվում է, այլ նախատեսված է ներկայացնելու ժողովրդական, դասական, ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն:
Հայտնի չէ՝ նախագահը նրան հիշեցրե՞լ է, որ դժոխքի ճանապարհն էլ լավագույն մտադրությունների սալաքարերով է սալարկված և ընդհանրապես մտադրությունն ու իրականությունը պարտադիր զուգահեռներ չեն: Առավելևս այս դեպքում: Ռուբեն Ջաղինյանն ասել է՝ եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այսուհետ ավելի ուշադիր կլինեն հասարակության արձագանքին, ձեռքը կպահեն հասարակության զարկերակի վրա, կփորձեն արդարացնել ակնկալիքները: Ձեռքը զարկերակի վրա պահելը, սակայն, ամենաչնչինն է, որ Հանրայինը կարող է անել, խնդիրը ձեռքն ինչ-որ տեղ դնելը չէ, խնդիրը զարկերակը արժեքային համակարգով գործարկելն է՝ ինչը և Հանրայինն անում է, բայց սեփական արժեքային համակարգով, որը հասարակությունը չի ընկալում՝ նույնիսկ ժողովրդական, դասական ու ջազ լսելու ակնկալիքով:
Համենայն դեպս՝ ՀՀ նախագահը «կարեւորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող եւ վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը»՝ ըստ պաշտոնական տեղեկատվության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նշանակու՞մ է նախագահի ասածը «Ռուբիկ ջան, լավ չի», թե՞ ոչ, կերևա եթերից:
Հանրայինի պատասխանատուները վստահեցրել են, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները եւ ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին: Իսկական մանկապարտեզ, որ հիշեցնում է պինգվին Վինի մասին հրաշալի մուլտֆիլմը՝ ՛՛Ես անում եմ չարություն, հետո հարցնում եմ թույլտվություն: Այդպես հարմար է՛՛: Այսպիսին են Հայաստանի ՛՛ամենակարողները՛՛: